BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Գաղափարական տարբեր հարթություններում գտնվող մարդկանց միավորումները հնարավոր է շատ հեշտությամբ «պայթեցնել»

«Գաղափարական տարբեր հարթություններում գտնվող մարդկանց միավորումները հնարավոր է շատ հեշտությամբ «պայթեցնել»
10.02.2017 | 00:35

Խորհրդարանական այս ընտրություններն աչքի են ընկնում դաշինքների առատությամբ։ Ընդդիմադիր ողջ դաշտը փորձում է միավորման ճանապարհով առաջ գնալ, անկախ այն հանգամանքից, թե գաղափարական ինչ տարակարծություններ կան։ Այսպիսի միավորումներն ինչ հեռանկար կունենան, բացի խորհրդարանում մանդատ ստանալուց, դժվար չէ պատկերացնել։ Այսուհանդերձ, կա ընդդիմադիր ուժ, որը մտադիր է առանց դաշինքի մրցապայքարի մեջ մտնելու։ Խոսքն «Ազատ դեմոկրատներ» կուսակցության մասին է, որի ղեկավար, ԱԺ պատգամավոր ԽԱՉԱՏՈՒՐ ՔՈՔՈԲԵԼՅԱՆԸ չցանկացավ մինչ քարոզարշավի մեկնարկը որակումներ տալ այսօր ձևավորվող դաշինքներին, բայց ընտրողին խորհուրդ տվեց քաղաքական գործիչների հետագծով գնահատել նրանց խոստումներն ու հայտարարությունները։

-Մեր ողջ պայքարի գործիքակազմը տեսնում ենք բացառապես հանրային, քաղաքական դաշտում,- ասաց պարոն Քոքոբելյանը։- Իհարկե, ընտրություններում կարևորվում է նաև վարչարարական և ֆինանսական ռեսուրսը, բայց, մեր կարծիքով, Հայաստանի այսօրվա մթագնած ու լճացած քաղաքական դաշտի հիմնական պատճառը այդ քաղաքական կոռուպցիոն սխեմաներն են։ Փորձելու ենք ամեն ինչ անել, որ ընտրապայքարը լինի քաղաքական դաշտում։ Վստահ եմ, մեր քաղաքացիները կարողանում են զանազանել թացը չորից, իսկ ֆինանսական ռեսուրսները մեծ ազդեցություն չեն կարող ունենալ։
-Մինչ շատերը խոսում են, որ այս ընտրություններում ընտրակաշառքը աննախադեպ չափերի է հասնելու, Դուք կարծում եք, որ գումարն էական նշանակություն չի՞ ունենալու։
-Իհարկե, գումարի գործոնը մեծ է լինելու, որովհետև այս ԸՕ-ն պարտադրել է, որ պայքարը քաղաքական դաշտից տեղափոխվի անձնակենտրոն հարթություն։ Բայց ընտրակաշառքի ազդեցության վերաբերյալ այն սպասելիքները, որ ունեն կենտրոնները, էական չեն լինելու։ Հայաստանն ունի օրհասական խնդիրներ, սա գիտակցում են և՛ սահմանամերձ շրջանների բնակիչները, և՛ մայրաքաղաքաբնակները։
-Եթե գումարը չի լինելու էականը, ըստ Ձեզ, ո՞րն է լինելու այս ընտրությունների առանձնահատկությունը, գաղափարնե՞րը։
-Ամեն ինչ անելու ենք, որ կարևորվեն գաղափարները, սկզբունքները և տեսլականը։ Իհարկե, ես այդքան պարզ չէի դիտարկի հարցը, որ հասարակությունը գաղափարներով, ծրագրերով քվեարկություն կանի, բայց մենք հստակ մոտեցումներով, ծրագրերով ենք առաջնորդվելու, որոնք մեր հասարակության համար համոզիչ կլինեն։ Ասել է՝ որտեղ է Հայաստանի ապագան և ինչ ենք ուզում մենք։
-Քանի՞ քաղաքական գործիչ գիտեք, որ այս օրերին մտածում է Հայաստանի ապագայի, նրա օրհասական խնդիրների, ոչ թե խորհրդարանում մանդատ ունենալու մասին։
-Տեղին է Ձեր հարցը։ Հենց մեր ցանկությունն էլ այն է, որ քաղաքացիները կարողանան դա տարբերել։ Եթե Հայաստանում լիներ այնպիսի մթնոլորտ, որը ցանկանում եմ, ես կզբաղվեի կա՛մ գիտությամբ, կա՛մ բիզնեսով։ Կա մեծ խնդիր, ու մենք չենք կարող ձեռքներս ծալած նստել, անտարբեր լինել, թե ինչ է կատարվում երկրում։ Չեմ ցանկանում, որ ոչ իմ, ոչ էլ հայրենակիցներիս երեխաներն իրենց երջանկությունն ու ապագան այլ երկրում փնտրեն։ Շատ բախտորոշ ժամանակաշրջան ենք ապրում։ Մենք գնում ենք «Ազատ դեմոկրատների» լայն կոնսոլիդացված ցուցակով, մեզ հետ են այնպիսի մարդիկ, որոնք իրենց հետագծով եղել են միշտ այն հարթությունում, որտեղ մենք ենք։ Մեր քաղաքական ուժի անակնկալները կլինեն զուտ մարդկային նոր դեմքերով։ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի հետ կապված մեր մոտեցումներին համամիտ չեն քաղաքական շատ ուժեր, սա նորմալ է, բայց դա չի նշանակում, որ մեր քաղաքացիների լայն շերտն այդպես է մտածում։ Շատ քաղաքական գործիչների, հայ-ռուսական հարաբերությունների տեսանկյունից, գուցե կաշկանդում է իրենց կենսագրությունը։ Մենք Ռուսաստանի հետ խնդիր չունենք, հակառակը, կարծում ենք, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները շատ ցածր մակարդակի վրա են։ Կողմնակից ենք Ռուսաստանի հետ գործընկերային, ռազմավարական հարաբերություններ ունենալուն։ Այս պահին, ցավոք, այդպես չէ, էլ չհիշեցնեմ ապրիլյան պատերազմից հետո Ռոգոզինի հայտարարությունը։ Այս պարագայում խոսել հայ-ռուսական հարաբերություններից, սրեր ճոճել, դրոշակներ բարձրացնել, առնվազն անլուրջ է։ Հայաստանն այլընտրանք չունի, պետք է ինտեգրվի քաղաքակիրթ աշխարհին։ Հայաստանն ունի երկու հիմնական խնդիր՝ ղարաբաղյան հիմնահարց, որի փուլային լուծմանը կտրուկ դեմ ենք, պետք է լինի փաթեթային տարբերակը։ Իսկ Ղարաբաղի անվտանգության թիվ մեկ երաշխավորը զարգացող Հայաստանն է, միջազգային հանրությունն էլ այս իրողությունների պայմաններում պարտավոր է ԼՂՀ-ի անկախությունը ճանաչել։ Հաջորդ կարևորագույն խնդիրը ներդրումներ բերելն է, որ Հայաստանն այս ծանր վիճակից դուրս գա։ Այս երկու խնդիրների լուծումների բանալին Մոսկվայում չէ, այլ քաղաքակիրթ աշխարհում։
-Քաղաքակիրթ աշխարհ ասելով ի՞նչ նկատի ունեք։
-Արևմուտքը, ԵՄ-ը։
-Փաստորեն, Դուք Հայաստանի զարգացումը տեսնում եք միավեկտոր քաղաքականության շրջանակում։ Սա նորմա՞լ է։
-Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերությունների անկում ունի և իրավահավասարության պայմաններում նորոգելու կարիք։ Հայաստանն ինքնիշխանության բարձրացման խնդիր ունի։ Վերևում նշեցի օրհասական երկու խնդիրները՝ ղարաբաղյան հիմնահարց, ներդրումներ, և երրորդը՝ ինքնիշխանության բարձրացում։ Սրանք փոխկապակցված խնդիրներ են։
-Այսօր քաղաքական ասպարեզում հայտնված անձինք, ովքեր հաջորդ խորհրդարանում լինելու հավակնություններ ունեն, այդ երեք խնդիրների լուծումը կարևորո՞ւմ են։
-Ընտրողը պետք է զանազանի, թե ով է այդ հարցերով մտահոգ, ով՝ ոչ։ Չեմ կասկածում, օրհասական պահին մի մասը գիտակցաբար, մյուսները ստիպված կհանգեն իրական լուծումներին։ Քաղաքականության մեջ չպետք է նայես, թե ով է դեմ այս կամ այն հարցի բարձրացմանը, մենք խոսում ենք այն խնդիրներից, որոնց լուծումն ուղղակի անհրաժեշտ է։ Վայ նրանց, ովքեր դրանց լուծման հետևից չեն գնա։ Նրանք կհայտնվեն քաղաքական լուսանցքում։
-Իշխանությունը ընդդիմադիրների չհաջողելու պատճառը մշտապես համարում է չմիավորվելը։ Հիմա միավորվել են, դաշինքներ կազմել, բայց դեռ վերջնականապես չձևավորված՝ ճաքեր են տալիս։ Ո՞րն է խնդիրը, ընդդիմադիրների հաջողության գրավականը, այդուամենայնիվ, համախմբվելու մեջ չէ՞։
-Նախ՝ միանման մտածող մարդիկ պետք է միավորվեն։ Ինչպե՞ս ես կարող եմ միավորվել մի ուժի հետ, որը Հայաստանի զարգացումը տեսնում է հյուսիսում՝ Ռուսաստանում, ԵԱՏՄ-ում, եթե ես տրամագծորեն հակառակ կարծիքն ունեմ։ Հարգանքով եմ վերաբերվում այն մարդկանց, ովքեր կարողանում են, տարբեր գաղափարական հարթություններում լինելով, միավորվել, բայց ես այդ համոզմունքին չեմ։ Փորձը ցույց է տալիս, որ գաղափարական տարբեր հարթություններում գտնվող մարդկանց միավորումները հնարավոր է շատ հեշտությամբ ցանկացած պահի «պայթեցնել»։
-Հիմա բոլոր քաղաքական ուժերի նախընտրական ցուցակների շուրջ կենաց-մահու պայքար է, ինչպե՞ս է ձեզ մոտ։
-Չկա որևէ տեղ, որ ցուցակի խնդիր չլինի։ Ցանկացած պարագայում պետք է բանականությունը հաղթի։ Մեզ մոտ հաղթում է բանականությունը։


Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2503

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

袚覝袙覞袙要袚覝袙覞袙要袚覝袙覞袙要/feedback">Հետադարձ կապ